Ինչպես են բազմացրել ձեռագիր մատյանները

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան (Մատենադարան)
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան): Այն ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում: Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:
1920–30-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են:
 1939 թ-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան: 1945 թ-ին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թ-ին: 1959 թ-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները: Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը:
1962 թ-ին Մատենադարանը կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով: Այստեղ պահվում է շուրջ 17.260 ձեռագիր, որից ավելի քան 11.180-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, հմայիլներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլն) ձեռագրեր: Արխիվային ֆոնդում պահպանվում են 100.000-ից ավելի վավերագրեր: